Օգոստոս, 2010 թվական, Թբիլիսի:
Երեկոյան Թբիլիսին իսկապես գրավիչ է: Քայլում ենք Ռուսթավելու պողոտայով: Զարմուհիս` Քրիստինան, որի հայրը հայ է, մայրը` վրացի, հարցրեց.
- Վահե՜, Երևա՞նն է սիրուն, թե՞ Թիֆլիսը, - երբևէ Երևանում չի եղել:
- Թիֆլիսը սիրուն է իր բնությամբ ու կոլորիտով,- չէի կարող անկեղծ չլինել,- Երևանը Թբիլիսիի հետ համեմատած` ճոխ քաղաք է:
Իջանք գետափ: Քայլեցինք` հիանալով Թբիլիսիի գեղեցկությամբ: Աջից այգի էր: Մտանք: Քրիստինան ցույց տվեց Հեյդար Ալիևի կիսանդրին, այսպիսի մակագրությամբ. «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Հեյդար Ալիևին, եղբայրական վրաց ժողովրդից»:
Զավեշտ է չէ՞...
Ամեն ժողովուրդ, իշխանություն իրավունք ունի ցանկացած արձան ու կիսանդրի կանգնեցնելու, ցանկացած մակագրությամբ... բայց, ինչպե՞ս կարելի է անտեսել Թիֆլիսի, հիրավի իսկակա՜ն երախտավորներին:
Այսօր ողջ քաղաքում չեք գտնի մի հուշատախտակ անգամ, ուր փաստած կլինի, որ այս կամ այն շենքը պատկանել է, կառուցվել է որևէ հայի կողմից:
Թբիլիսիի քաղաքային առաջին հիվանդանոց. Ժողովուրդը մինչ օրս հաստատությունն անվանում է Արամյանցի անվամբ:
Երկար չարչարվելուց հետո վերջապես մտա ադմինիստրատիվ տնօրենի մոտ:
Ներկայացա: Ասացի, որ Հայաստանից եմ եկել, Արամյանցի վերաբերյալ մասունքներ, իրեր են հետաքրքրում... միգուցե ինչ որ բան պահպանվե՞լ է: Թեկուզ հին լուսանկարներ: Տնօրենը սիրալիր չեղավ, անգամ չհրավիրեց նստելու:
- Ոչինչ չգիտեմ, ոչինչ չի պահպանվել, - դեպի ինձ հազիվ երկու բառ նետեց և ձեռքով դուրս հրավիրեց:
Հիվանդանոցի տարածքում իմ հարցմանն ի պատասխան` մի բժիշկ ասաց.
«Հիվանդանոցը կոչվում է Արամյանցի անվան, քանի որ ժամանակին Արամյանց ազգանունով ոմն մեկը այստեղ, մուտքի մոտ արևածաղկի սերմ էր վաճառում...»:
Հիվանդանոցի հին շենքից դուրս եկա վիրավորված, ճնշված:
Քրիստինան էլ զգաց տնօրենի անհարգալից վերաբերմունքը: Չէր խոսում, կարծես ամաչում էր նրա փոխարեն:
- Ոչի՜նչ, միգուցե վաղը հյուրանոցում մի բան գտնենք...
«Մարիոթ–Թբիլիսի» հյուրանոցի աշխատակիցը պայմանավորված ժամից ուշացավ ... երկու ժամ: Սիրալիր հրավիրեց հյուրանոցի շքեղ նախասրահում նստելու, սիրալիր լսեց մեզ և նույնքան սիրալիր պատասխանեց, որ Արամյանցի մասին ոչինչ ինքը չգիտի, հյուրանոցի հին իրերից ու նկարներից ոչինչ չի մնացել, ամենը թալանվել ու ոչնչացվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Հատված «Միքայել Արամյանց» գրքից:
Վսհե ԼՈՌԵՆՑ
Հ.Գ.
Գիրքը ձեռք բերելու համար զանգահարել 077936593, 099936593 հեռախոսահամարներով։